ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՀՀ առաջին
վարչապետ: ՀՀՇ առաջին նախագահ:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ-կոորդինատոր: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Ասվա՞ծ է ամենը: Դեռ ո՛չ:
Լիդեր է բնությունից: Եղեռնից մազապուրծ, Երևան եկած Մանուկյանների երկրորդ սերնդի մաթեմատիկոսներից է. հայրը` Միքայել Մանուկյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր: Ֆիզիկոսներին մշտապես պետք է լուրջ վերաբերվել. նրանք մեծանում, պաշտոն են ստանում, նաև` երկար խաղացողներ են:
Նրա մասին ասում են` դասական քաղաքական գործիչ` բոլոր ժամանակներում: Չնայած, վերջին տարիներին ակտիվ քաղաքականությամբ կարծես չէր զբաղվում: Ինչպես տեսնում եք` քաղաքականությունը նրանով զբաղվեց. այն էլ` բավականին բարձր մակարդակներում. թե՛ գեո, թե՛ մնացյալ տեսանկյուններից. այս դժվար պահին, անցումն ապահովելու համար, լիդերի նրա թեկնածության վրա կանգ է առել նաև անձամբ «ինքը»` մեր բարեկամ Մոսկվան:
Դժվար ենթարկվող անհատականություն է: Ինչպես Արթյուր Ռեմբոն կասեր` անհնազանդների ցեղից է. ընդդիմադիր տեսակ` էությամբ:
Որոշակի նիցշեիզմ կա ներսում: Իշխանյանների և Մանուկյանների միջավայրում հասունացած գործիչը քաղաքականությունն զգում է օդում, ինտուիտիվ…
Լուրջ ինտելեկտուալ է, և համեմատությունն այսօրվա թավշյա դավաճանների հետ ոչ
միայն կաղ է լինելու, ինչպես ցանկացած համեմատություն,
այլև` քոռ, քաչալ, դաբլ դավաճան:
1967-ին Մոսկվայում` ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց կազմակերպելու համար ստիպված էր թողնել Մոսկվայի համալսարանը: Հետագայում` 88-ին, նա կրկին «վերադարձավ» Մոսկվա, արդեն` «Մոսկովսկայա տիշինա»` քաղբանտարկյալի կարգավիճակով, որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ:
Նույն «անհանզանդության» պատճառով, վարչապետ նշանակվելուց մեկ տարի անց, հրաժարական տվեց: 1991-ի սեպտեմբերին: Ասվում է` իր ագրարա-
յին քաղաքականության շնորհիվ էր, որ այդ օրերին Հայաստանը փրկվեց սովից, հնարավոր եղավ երկիրը հեռու պահել քաոսից: Դրանք նաև ռուբլու դևալվացիայի օրերն էին:
Յուրօրինակ կարմայական հանգույց է. առաջին վարչապետն է եղել, հիմա էլ… Չէ, վերջինը չէ: Նիկոլիզմը ջնջխելու, մեր հոգիները նրանից ազատագրելու վարչապետի է վերածվում, որ պետք է նախապատարաստի քայքայված երկրի վաղվա օրը… Կամենք` հաջողի:
1992-93-ին պետնախարար-պաշտպանության նախարար էր: Տարիներ, երբ ոչ միայն պատերազմ էր, այլև հեղափոխական ռոմնատիզմին փոխարինելու էին գալիս պրագմատիկ իրողություններն ու հաշվարկերը: Բնությունից լիդեր, հավակնոտ երկու գործիչնե-
րի` ԼՏՊ-ի և Վազգեն Մանուկյանի ինտելեկտուալ գլուխներն այլևս մեկ կաթսայում չեփվեցին. Լևոնի և Վազգենի միջև վաղուց նկատվող մախաթն այլևս հնարավոր չէր թաքցնել պարկում: Մանուկյանը հեռացավ թիմից. դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի միֆը քանդող նախակարապետը:
Կարիերայի պիկը դարձնելով 96-ը, երբ որոշ գնահատումներով, նա՛ դարձավ «Վազգեն-նախագահ», սակայն ՀՀՇ-ն որոշեց` չկա նման բան. չգնաց երկրորդ պտույտի, հնարավություն չտվեց ԱԺՄ լիդերին` վավերացնել իր դեֆակտո հաղթանակը, շամպայն խմեց ու ԼՏՊ-ին հայտարարեց «ընտրված» ազգընտիր` հընթացս Արշալույսգեյթում հայհոյելով Քլինթոնի մորը` պատրաստ լինելով մի 800 էլ հանուն դրա «վարի տալու»:
1998-ի նախագահական ընտրություններին, որպեսզի կրկին կանխվի Վազգեն Մանուկյանի մուտքը մեծ քաղաքականություն, քաղաքական մոդերատորները խաղի մեջ մտցրին Կարեն Դեմիրճյանին, ինչը նրան կրկին պահեց լուսանցքում. նա կրկին խաղից դուրս մնաց:
2003-ին արդեն «Արդարություն» դաշինքն էր, որը որքան իրադրային առաջացավ, նույնքան էլ իրադրային` «հալվեց» ներքաղաքական հորձանուտում:
2009-ից մինչև վերջերս ղեկավարում էր Հանրային խորհուրդը:
Այիբնե՞ր: Որքա՜ն ասես: Ժանտ է: Կոմպլեքսներ ունի: Չի մոռանում ոչինչ ու ոչ մեկին: Սակայն ունի նաև խելամտություն` դրանք շրջանցելու, խաղը վերանորոգելու` ձվերը մի քանի զամբյուղներում դնելու:
Այլ կերպ ասած` այս պահին նա մեր` անապատում կանչողի ձայնն է, որի պատմական առաքելությունը կլինի հայոց անեծքը` Նիկոլ անունով, դուրս շպրտել-նետել աղբանոց, նախապատրաստել բուն ընտրությունները, նաև այն վարչապետի մուտքը, որի քուղերը կկապի ապագա խորհրդարանը… երկիրն այս ծանր, անհույս փոսից դուրս հանելու համար:
Նրա՞նք ովքեր են: Կարեն Կարապետյա՞ն: Միքայել Մինասյա՞ն: Էդմոն Մարուքյա՞ն: Արթուր Վանեցյա՞ն....
Թե՞ բոլորին կեփի մեկ կաթսայում, որպես կարող ուժեր` երկիրն այս ահարկու ժամակաշրջանից դուրս հանելու համար:
Կամենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ